Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Իրանին Բանդար Աբասի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:
"Մենք խորապես վշտացած ենք Բանդար Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում", - ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան (X) միկրոբլոգում արված գրառման մեջ:
Ավելի վաղ լրատվամիջոցներից հայտնի էր դարձել, որ ապրիլի 26-ի առավոտյան Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ 25 մարդ զոհվել է, մի քանի հարյուրը՝ վիրավորվել։ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ պայթել են հրթիռային վառելիքի արտադրության բաղադրատարրեր պարունակող կոնտեյներներ։