Արմինֆո.ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծով:
ԱԺ հաղորդագրության համաձայն, նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ապրիլի 25-ի նիստում ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
Զեկուցողի խոսքով ԱԺ որոշման նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում ցուցաբերած ԱԺ պատգամավորի վարքը քննելու համար: «Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում սեռի հիմքով խտրական վերաբերմունք դրսեւորելով, վիրավորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: Նա նաեւ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել»,- նշել է Թագուհի Թովմասյանը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն անհրաժեշտություն են համարել նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը եւ տալու եզրակացություն՝ նման վարքի կրկնությունը բացառելու նպատակով:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը նշել է, որ շատ խիստ է վերաբերվում ցանկացած պատգամավորի էթիկային ու վարքագծին: Պատգամավորն ընդգծել է, որ առաջիկայում ստեղծվելու է էթիկայի մշտական հանձնաժողով, որում էլ կքննվեն նման հարցերը, իսկ մինչ այդ առաջարկել է զերծ մնալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարից:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում նշել է, որ ժամանակավոր հանձնաժողովը լինելու է մեծամասնության հանձնաժողովը, եւ ավելի նպատակահարմար է ունենալ էթիկայի հարցերով մշտական հանձնաժողով: Նա ընդգծել է, որ հանդես են գալու օրենսդրական առաջարկով՝ նման հանձնաժողով ունենալու համար:
Հանձնաժողովը քվեարկությամբ չի հաստատել որոշման նախագիծը: