Արմինֆո. Ցեղասպանության ժխտումը կհանգեցնի այն բանին, որ հենց այն մարդիկ, ովքեր փորձում են դա անել, կմերժվեն և կմոռացվեն մեր ժողովրդի կողմից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Քոչարյանը հիշեցրել է, որ հենց ինքն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մտցրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ: "Եվ իմ կառավարման տարիներին ամենամեծ թվով երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Մարդիկ, ովքեր մատը մատին չեն խփել այդ հարցերը լուծելու համար, այսօր հիմարություններ են ասում։ Ցեղասպանության ժխտումը կհանգեցնի այն բանին, որ հենց այն մարդիկ, ովքեր փորձում են դա անել, կմերժվեն ու կմոռացվեն մեր ժողովրդի կողմից", - նշել է Հայաստանի նախկին նախագահը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից՝ Հանրապետության հրապարակում թուրքական և ադրբեջանական դրոշների հրկիզման դատապարտմանը՝ Քոչարյանը հիշեցրել է, որ 2015 թվականին Երևանում ՌԴ դեսպանատան մոտ փորձել են այրել Ռուսաստանի դրոշը, այնուհետև այն ոտնատակ են տվել այն մարդիկ, ովքեր այսօր զբաղեցնում են բարձրագույն պաշտոններ՝ ԱԳՆ ղեկավարը, վարչապետի օգնականներն ու նախկին մամուլի քարտուղարները և այլն:
"Եթե դա, ընդհանրապես, անթույլատրելի քայլ է, հարց է առաջանում՝ արդյոք երկակի ստանդարտները կիրառելի են Ռուսաստանի և Թուրքիայի համար։ Ամոթ է, պարզապես, գոնե նրանք իրավունք չունեն խոսել այդ թեմայով",- ասել է նա։
Անդրադառնալով իշխանամետ լրատվամիջոցների շահարկումներին, թե, իբր, դրոշներն այրելու պատճառով թշնամական կողմը գնդակոծել է Խոզնավարի բնակչի տունը, Քոչարյանը նշել է, որ նման պնդումներն անհեթեթ են: "Անհեթեթություն է երեկ Խոզնավարում տեղի ունեցածը ադրբեջանական և թուրքական դրոշների հրկիզման հետ կապելը։ Մի ամբողջ ամիս նախապատրաստական կրակոցնե՞ր են եղել, պատրաստվել են, մինչև դրոշներն այրե՞ն",- հարցրել է քաղաքական գործիչը։
ՀՀ երկրորդ նախագահը նաև ընդգծել է, որ պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը ծանր պարտություն է կրել, իսկ այս իշխանությունն այդ պարտությունը վերածել է շարունակական գործընթացի: "Արդեն 4 տարուց ավելի մենք այս շրջապտույտի մեջ ենք, անընդհատ ինչ-որ բան զիջում կամ հանձնում ենք, հրաժարվում ենք։ Սա հուսահատեցնող երևույթ է մեր ժողովրդի համար։ Հնարավոր է, որ այս ֆոնին էլ Ցեղասպանության ճանաչումից հրաժարումը շատերի կողմից շատ ավելի ծանր է ընկալվում", - եզրափակել է Քոչարյանը։