Արմինֆո. Կառավարությունները գալիս ու գնում են, իսկ Հայոց ցեղասպանությունը եղել է, կա ու կմնա։ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին աայդ մասին հայտարարել է Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը։
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը վեր է ցանկացած քաղաքականությունից, քանի որ այն ազգային առաքելություն է, և չպետք է դուրս գա ազգային օրակարգից: "Կառավարությունը կարող է սխալվել, և, իմ խորին համոզմամբ, այս հարցում ներկայիս կառավարությունը սխալվում է", - ասել է քաղաքական գործիչը:
Նա հավելել է, որ 110 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության էության մասին հասկանալը շատ քիչ է երիտասարդ սերնդի համար, պետք է գալ համալիր եւ հիշել Հայոց ցեղասպանության մասին: "Սա պետք է դառնա ուխտագնացություն, ոտքերի ու մեջքի ցավ, որպեսզի երեխաներս ու թոռներս միշտ հիշեն այդ մասին։ Հայը նա է, ով հիշում եւ հասկանում է, թե ինչ է ցավը", - ընդգծել է քաղաքական գործիչը։
Պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդքան հաճախ փոխում իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և Թուրքիայի վերաբերյալ, Խզմալյանը նշել է, որ Փաշինյանը կարող է փոխել իր տեսլականը, բայց դա չի փոխում իրավիճակը, քանի որ Հայոց ցեղասպանությունը աշխարհի ազգային ընկալման մաս է կազմում: "Մեկուկես տարի հետո մենք կմոռանանք, թե ով ինչ է ասել, բայց Հայոց ցեղասպանության մասին ոչ ոք չի մոռանա։ Մարդը կենդանուց տարբերվում է նրանով, որ գիտելիքն ու ցավը փոխանցում է սերնդեսերունդ, դա է պատմությունն ու բարոյականությունը", - նշել է Խզմալյանը։