Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին փորձել է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունը բարդել ինչ-որ "զինված խմբավորումների և համաճարակի" վրա։
"Թուրքիան ցավ է ապրում Օսմանյան կայսրության վերջին շրջանի պատերազմական տարիներին "զինված խմբավորումների դիվերսիոն գործողությունների և համաճարակային հիվանդությունների հետևանքով կորցրած կյանքերի համար"։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Պոլսո հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված իր ուղերձում, հաղորդում է թուրքական "ժամանակ" թերթը։
Իր ուղերձում Էրդողանը պնդում է, թե "անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան": "Նրանք, ովքեր փորձել են խարխլել մեր միջև խորը արմատացած և ամուր կապերը, թշնամանք ստեղծելով պատմությունից, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին", - ասվում է Էրդողանի ուղերձում:
Նշենք, որ թուրքական իշխանությունները մինչ օրս շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Պարբերաբար Անկարան մեղավորներ է նշանակում այդ իրադարձությունների համար։ Այսպես, իր վերջին հայտարարություններից մեկում Էրդողանը հայտարարել է, որ հայ ժողովուրդն ինքն էր մեղավոր, որ իրեն բնաջնջեցին։