Արմինֆո. Լիբանանի նախագահ գեներալ Ջոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
Լիբանանի նախագահի կայքում հրապարակված ուղերձում նշվում է, որ Հայոց ցեղասպանության 110 - րդ տարելիցը ոչ թե սոսկ պատմական ցավալի իրադարձության մասին հիշողություն է, այլ՝ արդարության, մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության սկզբունքների պահպանման կարեւորության հաստատում, ինչպես նաեւ աշխարհին հիշեցում բռնության, ծայրահեղականության եւ մեկուսացման բոլոր ձեւերին դիմակայելու անհրաժեշտության մասին:
"Ելնելով դրանից ՝ Լիբանանն այսօր վերահաստատում է իր վճռական դիրքորոշումն ու զորակցությունը հայ ժողովրդին՝ այդ սկզբունքներին հասնելու համար նրա խաղաղ պայքարում", - ասել է Աունը:
Նա նաև բարձր է գնահատել Լիբանանի հայազգի քաղաքացիների ներդրումը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
"Լիբանանահայ քաղաքացիները Լիբանանում իրենց երկար պատմության ընթացքում ապացուցել են, որ նրանք իսկական ազգային պատկանելության և քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական տարբեր ոլորտներում կառուցողական ներդրման օրինակ են: Նրանք միշտ եղել են լիբանանյան բազմազան ու հարուստ ինքնության անբաժանելի մասը՝ իր բազմաթիվ բաղադրիչներով", - նշել է Աունը։
Լիբանանի նախագահն իր ուղերձն ավարտել է հետևյալ խոսքերով. "Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերն ու անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերն ամբողջ աշխարհում, և Աստված պաշտպանի Լիբանանն ու նրա ժողովրդին ամեն չարիքից":