Արմինֆո. Կիպրոսն ակնկալում է, որ ողջ ժողովրդավարական աշխարհը կճանաչի և կդատապարտի Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին ասվում է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հայտարարությունում։
"Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք ողբերգականորեն զոհվել են երիտթուրքերի կողմից համակարգված բնաջնջման արդյունքում ։ Մենք նաև հարգում ենք բոլոր մյուսների հիշատակը, ովքեր բռնի տեղահանվել են իրենց նախնիների տներից:
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում բնակչության առաջին կազմակերպված բնաջնջումն է, որին զոհ գնացին Օսմանյան կայսրության հայ քաղաքացիները: Կիպրոսը դարձավ առաջին եվրոպական երկիրը և աշխարհում երկրորդ երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 1975 թվականի ապրիլի 24-ին:
Մենք հույս ունենք, որ այլեւս երբեք մարդկության դեմ նման մասշտաբի հանցագործությունների չենք բախվի, եւ ակնկալում ենք, որ ողջ ժողովրդավարական աշխարհը կճանաչի եւ կդատապարտի դրանք", - հայտարարել է Վասիլիս Պալմասը։