Արմինֆո. Վարչապետ Փաշինյանը դատապարտում է ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը։
«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է», - հաղորդել էՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Միեւնույն ժամանակ, մամուլի քարտուղարի ասելով, վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով։