

ՙԿոչ եմ անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ազգային ժողովի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագծի հավանության դեպքում օտվել վետոյի իր իրավունքից՚,- ԱԺ շենքի առջև հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ դիմելով սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին:
Ինչպես նշել է Զուրաբյանը, Սերժ Սարգսյանն ունի ոչ միայն հնարավորություններ, այլ նաև ժամանակ այդ նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար: ՙՀանուն համաժողովրդական միասնության, հանուն ծառացած սպառնալիքից Հայաստանի փրկության կոչ եմ անում նախագահին չստորագրել նախագիծը՚,- հայտարարել է ՀԱԿ անդամը: ՀԱԿ խմբակցության ղեկավարը կոչ է արել ԱԺ շենքի մոտ գտնվող ցուցարարներին շարժվել դեպի ոստիկանության Արաբկիրի բաժին և պահանջել համախոհների ազատ արձակում: ՙԻնչից հետո արդեն մենք հանդես կգանք հետագա գործողությունների ծրագրով՚,- նշել է Զուրաբյանը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր հերթին խոստացել է, որ բերման ենթարկվածների նկատմամբ վարչական վարույթ իրականացնելուց հետո նրանք ազատ կարձակվեն: Նշենք, որ Ազգային ժողովի շենքի առջև «Ոչ» շարժումը բողոքի ակցիա է անցկացնում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ի թղթակիցը, արդեն տեղի են ունեցել ընդհարումները, քանի որ ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել պաստառներ փակցնել ԱԺ ցանկապատին: Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 21 մասնակցի:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ խորհրդարանը 104 ՙկողմ՚ ձայնով ընդունել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Սահմանադրական հանրաքվեն, որը նախատեսում է Հայաստանի անցումը կառավարման խորհրդարանական կարգի, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, տեղի կունենան դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի շտաբը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այդ ընթացքում արձակուրդ կվերցնի:



