Արմինֆո.Մետրոյի "Երիտասարդական" կայարանը հնարավոր է վերանվանվի Ավետիք Իսահակյանի անունով։ Այդ մասին հայտնի է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ՝ ապրիլի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա պատմել է, որ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնաժողովի նիստի ընթացքում Ավետիք Իսահակյանի ընտանիքի անդամների կողմից առաջարկ է հնչել մետրոյի "Երիտասարդական" կայարանը (որը գտնվում է Ա.Իսահակյան փողոցում) վերանվանել բանաստեղծի անունով, հաշվի առնելով, որ հարևանությամբ տեղադրված է Վարպետի արձանը, և այս տարի լրանում է նրա ծննդյան 150-ամյակը: Այդ առաջարկը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին, և այդ հարցով վերջնական որոշում կայացնելու լիազորությունները, ինչպես նշել է Անդրեասյանը, պատկանում են ավագանուն: "Հաշվի առնելով, որ այդ տարածքը պատմություն ունի, և այդ անվանումը կապված է այդ պատմության հետ, կարծում եմ, հարցը կքննարկեն", - ասել է նախարարը:
Նա նաև հաղորդել է, որ ԿԳՄՍՆ կողմից առաջարկ է արվել բանաստեղծի արձանն ավելի տեսանելի դարձնել: Անդրեասյանի կարծիքով, քանի որ հուշարձանի հարակից տարածքում տարբեր գործունեություն է ծավալվում, այն, կարծես, ստվերում է մնացել։ "Եվ մենք ակնկալում ենք, որ քաղաքապետարանի մեր գործընկերները քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ", - ասել է ԿԳՄՍ նախարարը:-