Արմինֆո.Ցեղասպանությունը տեղ չունի "Իրական Հայաստանում", և, ընդհանրապես, Հայաստանում երբեք չպետք է լինի ցեղասպանություն, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին ապրիլի 23-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք 1915թ. Հայոց ցեղասպանությունը տեղ ունի, այսպես կոչված, «Իրական Հայաստանի» մասին իշխանության նարատիվում:
Խոսելով 2023 թվականին Արցախում տեղի ունեցածի մասին՝ նա հավելել է, որ էթնիկ զտումներն Արցախում տեղի են ունեցել, երբ այնտեղ իշխանության են եկել ՀՅԴ ներկայացուցիչները։
"Իսկ Ցեղասպանության մասին հիշողությունը միշտ մեր սրտերում է, ի տարբերություն Սերժ Սարգսյանի կառավարության, որը Ջո Բայդենին խնդրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շատ չթեժացնել, և այդ մասին Ջո Բայդենը պատմել է հայ համայնքին, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը, ինչպես հայտնի է դարձել գաղտնազերծված փաստաթղթերից, ԱՄՆ նախագահներին հաղորդել է, որ պատրաստ է խնդրել ամերիկացի սենատորներին չճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի բացվի Թուրքիայի հետ սահմանը", - ասել է նա:
"Մենք ՝ մեր կառավարությունը, երբեք չենք ուրացել և չենք պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը, չենք փորձում մոնետիզացնել Ցեղասպանությունը, մանրադրամի վերածել այն արտաքին քաղաքականությունում, ինչպես դա անում էին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Վաղը մենք բոլորս միասին սգալու ենք մեր անմեղ զոհերի համար և այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, ինչպես դա արել ենք ամեն տարի", - ասել է Ալեքսանյանը, նշելով, որ պետական մակարդակով կազմակերպված այլ միջոցառումների մասին իրեն քիչ բան է հայտնի։
Իր հերթին՝ "Քաղաքացիական պայմանագրի" քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ չկա ոչ մի հայ, որը կարող է ժխտել Ցեղասպանությունը, "այն պատմական իրադարձությունը, որը տեղի է ունեցել":
Նա անհեթեթ է համարել կառավարող ուժի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե՝ վերջինս փորձում է Ցեղասպանությունը սակարկության առարկա դարձնել։ "Եվ մեզ նման մեղադրանքներ են առաջադրում, երբ հենց մեր իշխանության օրոք նախագահ Ջո Բայդենը հիշատակում է "ցեղասպանություն" եզրույթը, երբ ԱՄՆ -ը ճանաչում է Ցեղասպանությունը", - ասել է պատգամավորը: