Արմինֆո. Հայաստանի ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որով առաջարկվում է խստացնել պատիժը Հայոց ցեղասպանության ժխտման համար, և այդ նախաձեռնության վերաբերյալ իշխանության շահարկումներն անհիմն են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով նախօրեին խորհրդարանում ծագած սկանդալին ՝ կապված օրենսդիր մարմնի քննարկմանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնելու ընդդիմության ՝նախաձեռնության հետ:
Նրա խոսքով ՝ Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին ընդունել է որոշում, որն անհարկի բացասական արձագանք է առաջացրել:
Ինչպես հիշեցրել է Մելոյանը, նախօրեին «Հայաստան» խմբակցությունը շրջանառել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որով առաջարկում է փոփոխել 136-րդ՝ «Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը» վերտառությամբ հոդվածը։
«ՀՀ քրեական օրենսգրքի գործող՝ 136-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում՝ ցեղասպանության կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար։
Նախագիծն արժանացավ իշխող խմբակցության բուռն արձագանքին եւ հանրությանը մատուցվում է մանիպուլյատիվ շղարշով առ այն, իբրեւ ընդդիմությունը ցանկանում է օրենսգիրքը լրացնել նույնաբնույթ հոդվածով՝ մոլորեցնելով հանրությանը։
Մինչդեռ՝ Նախագծով նախատեսվում է ընդլայնել հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների շրջանակը, խստացնել պատասխանատվությունը, որոշակիացնել հոդվածն ու ապահովել համաչափության տարրերը։
Ըստ նախագծի՝ քրեական պատասխանատվություն կնախատեսվի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, մեղմացնելու, հավանության տալու, արդարացնելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող էր՝ համագործակցել ու մասնագիտական առաջարկներ ներկայացնել՝ Նախագիծը խմբագրելու նպատակով, չքննարկել ու դեմ քվեարկել Նախագծին, ԲԱՅՑ գնաց ամենաանընդունելի ճանապարհով ու անհարկի բացասական արձագանքի արժանացրեց Ցեղասապանության հետ կապված նախագծի օրակարգումը. այն էլ՝ Ցեղասպանության 110-ամյա տարելիցի նախօրեին:
Մենք Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներ ենք ու չենք կարող ուրանալ ու մոռանալ մեր անցյալը, առավել եւս, երբ արդարությունը չի վերականգնվել, իսկ թշնամին դեռ զգոն է ու փորձում է ջնջել իր ոճրի փաստերը։ Ազգի գոյի ու հարատեւման գրավականներից է պատմական հիշողությունը!», - գրել է Մելոյանը: