Արմինֆո. Հայաստան ներթափանցած ցիկլոնը, որն իր հետ բերել է առատ անձրևներ, ապրիլի 24-ից կսկսի թուլանալ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղում։ Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հանրապետության հյուսիսային մարզերում», - գրել է Սուրենյանը։