Արմինֆո.Երեւանի ավագանու ապրիլի 22-ի նիստում տապալվել է "Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում" կազմակերպության ծախսերի ավելացման նախագծի շուրջ քվեարկությունը' ընդդիմության բոյկոտի պատճառով:
Ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը լրագրողներին պարզաբանել է, որ նման որոշում կայացվել է այն պատճառով, որ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը, նույնիսկ, այս կամ այն նախագծի վերաբերյալ հանձնաժողովի բացասական եզրակացությունից հետո այն դնում է ավագանու քվեարկությանը՝ չքննարկվող հարցերի փաթեթով: Ընդ որում, նա հրաշք է անվանել այն, որ բոյկոտին միացել է "Հանրային ձայն" խմբակցությունը։
Նշենք, որ երբ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրել են պարզաբանել կառավարող ուժի նման կամայականությունը, նա նշել է, որ, եթե քաղաքապետարանն անհիմն է համարում այս կամ այն նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը, ապա ընդունում է հակառակ որոշում: Ընդդիմությանը նման պատասխանը չի գոհացրել։
Հետևաբար, "Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում" կազմակերպության ծախսերը 58 մլն դրամով ավելացնելու մասին նախագիծը չի հաստատվել։ Ներկայացնելով այդ նախագիծը՝ կազմակերպության պետ Սաշա Կատվալյանը նշել է, որ ծախսերը կավելանան, քանի որ վերջերս ձեռք է բերվել Karcher մակնիշի 12 բազմաֆունկցիոնալ աղբահան մեքենա, որոնք վարելու համար անհրաժեշտ կլինի 12 վարորդ: Նա ընդգծել է, որ ծախսերը կավելանան հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից ելնելով, և նշել է որոշ ներքին փոփոխություններ՝ առանց կոնկրետացնելու: