Արմինֆո. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը հաշվետվություն է ներկայացրել վերջին օրերի գործունեության վերաբերյալ, սակայն այդպես էլ հստակ չի նշել, թե ով է գնդակոծել Սյունիքի սահմանամերձ գյուղի բնակչի տունը։
"Զատկի հանգստյան օրերին ԵՄ առաքելության աշխատակիցները 27 ցերեկային եւ գիշերային պարեկություն են իրականացրել իրենց գործողությունների գոտում, ներառյալ Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ եւ Արավուս գյուղերը: Խոզնավարում առաքելության մասնագետներն ուսումնասիրել են երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը, որոնք, հնարավոր է, արձակվել են այդ շրջանում ադրբեջանական դիրքերից", - ասվում է ԵՄ առաքելության թվիթերյան (X) գրառման մեջ:
Նշենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հակառակորդի կրակոցից վնասվել է Խոզնավար գյուղի տներից մեկի տանիքին տեղադրված ջրատաքացուցիչը: Օրեր առաջ ադրբեջանական կողմը գնդակոծել էր Խնածախի մշակույթի տան շենքը։ Վերջին շրջանում պարբերաբար արձանագրվում են նման միջադեպեր, չնայած Հայաստանի պաշտպանական գերատեսչության հավաստիացումներին, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները թիրախային բնույթ չեն կրում: