Արմինֆո. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին արձագանքել է այն լուրին, որ ֆրանսիացի գեներալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի անունը կհայտնվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատին:
"1915 թվականի ամռանը ֆրանսիական նավատորմի փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն դարձավ Մուսա լեռան վրա հերոսաբար դիմադրած ավելի քան 4000 հայերի և նրանց ընտանիքների փրկության նախաձեռնողը։ 110 տարի անց նրա անունը փորագրված կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատին ՝ դրանով իսկ ընդմիշտ կապելով այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հետ։ Սա հայ ժողովրդի արդար և սրտառուչ գնահատանքն է առանց հրահանգի գործող նավաստուն, ով հավատարիմ էր միայն իր խղճին և ֆրանսիացի սպայի պատվին: Սա մեծ հպարտություն է Ֆրանսիայի համար և օրինակ մեր ժամանակների համար", - գրել է դեսպանը Twitter-ի(X) իր էջում։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Էդիտա Գզոյանն ապրիլի 21 - ին հաղորդել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հուշապատին կհայտնվի երկու նոր անուն ՝ ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինի և ֆրանսիացի գեներալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի:
Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն 1915 թվականի աշնանը չարտոնված հրաման է տվել տարհանել ավելի քան 4000 հայ տղամարդկանց, կանանց և երեխաների։ Եթե չլիներ դյու Ֆուրնեի քաջությունը, այդ մարդիկ կզոհվեին ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մուսա լեռան նախալեռներում։ Այս պատմությունը սկսվել էր 1915 թվականի ամռանը, երբ վեց հայկական գյուղերի բնակիչների մեծ մասը հրաժարվեց միանալ հայերի շարասյուներին, որոնց պետք է արտաքսեին թուրքական իշխանությունների հրամանով: Այն քչերը, ովքեր, այնուամենայնիվ, որոշեցին հնազանդվել, ուղարկվեցին մահվան երթի։ Գրեթե բոլորը զոհվել են ճանապարհին ՝ այդպես էլ չհասած սիրիական անապատ։ Մնացած գյուղացիները՝ մոտ 5000 մարդ, լքել էին տները և պատսպարվել Մուսա լեռան նախալեռներում (Մովսեսի լեռներ կամ Ջեբել Մուսա լեռներ)։ Այնտեղ նրանք կազմակերպել էին աշխարհազոր և ավելի քան հիսուն օր խիզախորեն հետ մղել թուրքական գրոհները։ Հայերի մեջ ընդամենը 600 մարտնչող կար։
Սեպտեմբերի 5-ին, երբ մուսալեռցիները կռվում էին արդեն մեկ ամիս, ֆրանսիական "Գիշեն" ռազմանավի անձնակազմը տեսել է նրանց ազդանշանները։ Աշխարհազորի մասնակիցներից մեկը՝ Պիեռ Դիմլաքյանը, հասել է հածանավ և օգնության խնդրանքով ուղղակիորեն դիմել ֆրանսիացի հրամանատարին։ Նա խոստացել է անել հնարավոր ամեն ինչ։
Համաձայն Լուի դյու Ֆուրնեի օրագրի գրառման, 1915 թվականի սեպտեմբերի 6-ին փոխծովակալը հեռագիր է ստացել, որում նկարագրվում էր իրավիճակը, և փոխել է նավի ընթացքը։ Հաջորդ օրը "Սուրբ Ժաննա դ' Արկ" ֆլագմանը մոտեցել է ափին՝ հետախուզություն իրականացնելու համար։ Այս անգամ նավ է բարձրացել աշխարհազորի առաջնորդներից մեկը՝ Տիգրան Անդրեասյանը։ Նա խնդրել է տանել գոնե նրանց, ովքեր չեն մասնակցում մարտերին՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Նրան կրկին հավաստիացրել են, որ ֆրանսիական նավատորմը օգնության կգա հայերին։
"Ես հասկացա, որ մեր պարտքն է օգնել այս թշվառներին", - գրել է դյու Ֆուրնեն օրագրում ։ Նա շտապ հեռագիր է ուղարկել, բայց վախենում էր, որ ֆրանսիական հրամանատարությունում բյուրոկրատիան կարող է վերածվել ողբերգության պաշարվածների համար։
Վտանգելով իր կարիերան՝ փոխծովակալը, չսպասելով պատասխանի, հրամայել է իր տրամադրության տակ գտնվող բոլոր նավերին շարժվել դեպի Մուսա լեռ և անմիջապես սկսել տարհանումը։ "Սպասելու ժամանակ չկար։ Ինչ էլ որ լիներ պատասխանը, պետք էր բոլորին հանել", - գրել է դյու Ֆուրնեն, ում խոսքերը մեջբերում է "Ավրորա" մարդասիրական նախաձեռնությունը։