Արմինֆո. Հայաստանը կմիանա Ջազի միջազգային օրվա տոնակատարություններին:
Ապրիլի 30-ին՝ ժամը 19:00-ին, բոլոր ցանկացողները Երևանում կարող են վայելել ջազային երաժշտություն՝ Գաֆէսճեան քանդակների այգում (Կասկադ):
Բացօթյա համերգի շրջանակում ելույթ կունենան Հայաստանի լավագույն ջազ կատարողներն ու կոլեկտիվները. Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Արտո Թունջբոյաջյանը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուշյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգոյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ Գևորգյանը, Դավե Գյոդակյանը, Աննա Կոստանյանը:
Նշենք, որ այս տարի ջազի մայրաքաղաք Է դարձել Աբու Դաբին։ Ջազի միջազգային օր-2025-ի շրջանակներում ամբողջ աշխարհում հազարավոր միջոցառումներ կանցկացվեն փոքր և խոշոր քաղաքներում ՝ կամերային ելույթներից մինչև խոշոր համերգներ առաջատար մշակութային կենտրոններում:
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հռչակված և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ճանաչված Ջազի միջազգային օրը ամեն տարի ապրիլի 30-ին միավորում է աշխարհի երկրներն ու համայնքները: Ամենամյա տոնակատարությունը նշում է ջազը ՝ որպես խաղաղության խթանման, մշակույթների միջև երկխոսության, բազմազանության և մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքի գործիք: Ջազի միջազգային օրը դարձել է գլոբալ շարժում, որն ամեն տարի ընդգրկում է ավելի քան 2 միլիարդ մարդ բոլոր մայրցամաքներում՝ կրթական ծրագրերի, ելույթների, հանրային միջոցառումների, ռադիոյի, հեռուստատեսության, ինչպես նաև էլեկտրոնային, տպագիր և սոցիալական մեդիայի միջոցով: Հերբի Հենքոքի անվան ջազի ինստիտուտ հիմնական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը պատասխանատու է ամեն տարի Ջազի միջազգային օրվա պլանավորման, խթանման և կազմակերպման համար: