Արմինֆո.Հայոց ցեղասպանության օրվան ընդառաջ ՀՅԴ կողմից ամեն տարի կազմակերպվող ավանդական ջահերով երթը կանցկացվի նաև այս տարի: Այդ մասին ապրիլի 21-ին լրագրողներին հաղորդել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ երթը կմեկնարկի ժամը 19:15-ին՝ Հանրապետության Հրապարակից: Կուսակցությունն առավել քան արդիական է համարում այս տարի ջահերով երթի անցկացումը։ Այն կանցկացվի այնպիսի պայմաններում, երբ, մեծ հաշվով, Հայաստանի իշխանությունները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը, անում են հայտարարություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում պետության շահերին։ Մասնավորապես, ինչպես շարունակել է պատգամավորը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը երկրի իշխանությունների համար առաջնահերթություն չէ:
Քրիստինե Վարդանյանը հիշեցրել է, որ ՀՀ սահմանադրության նախաբանում, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին, ուղղակիորեն խոսվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, ինչին մշտապես ընդդիմանում է Թուրքիան: Այդ իսկ պատճառով, ինչպես կարծում է պատգամավորը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն Անկարայի, դրա հետ մեկտեղ, նաև Բաքվի ուղղակի պահանջն է։ "Միթե՞ հայկական կողմը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիային հարցեր չունի",- հարցրել է քաղաքական գործիչը, հավելելով, որ կցանկանար իմանալ, թե ինչ միջոցառումներ են նախատեսված այդ օրը։
Պատգամավորը նշել է, որ ՀՅԴ-ն մեծ նշանակություն է տալիս առաջիկա ջահերով երթին, ակնկալելով հանրությունից պատասխան այն հարցին, թե արդյոք այդ օրը կարևոր է հայ ժողովրդի համար: