Արմինֆո. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և հաղորդել, որ բռնի տեղահանումից հետո որևէ շփում չի ունեցել Հայաստանի իշխանությունների հետ: Այդ մասին Սամվել Շահրամանյանը հայտարարել է ապրիլի 18-ին լրագրողներին՝ Երեւանում Արցախի ներկայացուցչության մոտ, պատասխանելով, հարցին, թե արդյոք իր վրա ճնշում է գործադրվում Հայաստանի իշխանությունների կողմից։
"Բռնի տեղահանման պահից ես Հայաստանի իշխանությունների հետ որևէ շփում չեմ ունեցել։ Եթե դուք դա ճնշում եք համարում, այո, ճնշում գործադրվում է", - ասել է նա, հավելելով, որ նման պահվածքն անընդունելի է, և Արցախի ժողովրդի հետ պետք է հաշվի նստել։ Նա նաև հավելել է, որ իրենց վերաբերվում են որպես օտարների։
Շահարամանյանը ևս մեկ անգամ հերքել է Արցախի լուծարման վերաբերյալ շահարկումները, հիշեցնելով, որ իրենք արդեն իսկ արտահայտել են իրենց դիրքորոշումը և այդ, և արտաքին քաղաքական գերատեսչության և այլ իշխանական ուժերի հայտարարությունների վերաբերյալ:
Նա անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե Արցախի էջը փակված է, շեշտելով, որ Արցախի էջը չի կարող փակված համարվել, քանի դեռ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է, և հայրենիք արժանապատիվ վերադարձի հնարավորություն չկա: "Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցին, ապա մենք դեմ ենք այդ քայլին։ Դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հակամարտության կարգավորման համար։ Այդ որոշումները՝ Արցախի էջի փակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, բխում են Հայաստանի իշխանություններից, և ես ակնկալում եմ, որ դրան կարձագանքեն Հայաստանի քաղաքացիները", - ասել է նա։
Հարցին, թե ինչ են անում Արցախի իշխանությունները բռնի տեղահանության հետևանքով սոցիալական ծանր իրավիճակում հայտնվածներին աջակցելու համար, Շահրամանյանը հիշեցրել է, որ բռնի տեղահանումից հետո Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցրել սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը:
"Մենք այդ որոշումների վրա որևէ կերպ ազդելու հնարավորություն չունենք։ Մենք օգտագործել ենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանց հասցնենք, որ ժողովուրդը ծայրահեղ ծանր վիճակում է, որ այդ 50 000 դրամի տրամադրումը դադարեցնելուց հետո մարդիկ կհայտնվեն փողոցում։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, համակարգում ենք մեր աշխատանքը։ Մենք չենք կարող ինչ-որ կերպ ազդել Հայաստանի իշխանությունների վրա, այստեղ հասարակական ճնշում է պետք։ Ես նույնպեսլ կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց որևէ հնարավորություն մենք չունենք՝ ազդելու այդ որոշումների վրա", - հայտարարել է Շահրամանյանը։ Նա նաև ընդգծել է, որ արցախցիներն իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր: