Արմինֆո. Մարտի 18-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի է ունեցել "Հարավային Կովկասը խզվածքի գծերի երկայնքով. տարածաշրջանային և միջազգային հեռանկարներ" խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են համալսարանի մամուլի ծառայությունից, համաժողովի հիմնական նպատակն է միավորել միջազգային հարաբերությունների ոլորտում գործող և նախկին դիվանագետներին, վերլուծաբաններին և գիտնականներին' Հարավային Կովկասում առկա իրավիճակի համակողմանի գնահատման համար' հաշվի առնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ասպեկտները: Համաժողովին մասնակցում են 22 ճանաչված մասնագետներ՝ տարբեր երկրներից: Բացի տեղի հայտնի գիտնականներից և վերլուծաբաններից, յուրաքանչյուր երկրից կամ միջազգային կազմակերպությունից հանդես կգա մեկ հրավիրված զեկուցող:
Երկօրյա միջոցառման շրջանակում նախատեսված է հինգ նստաշրջան և կլոր սեղան՝ նվիրված "կարճաժամկետ խաղաղության հեռանկարների" քննարկմանը: Համաժողովի ընթացքում մասնագետները և հրավիրված հյուրերը կքննարկեն թեմաների լայն շրջանակ, որոնց թվում են. Ժողովրդավարացման հեռանկարներ Վրաստանում և Հայաստանում, հայ-ադրբեջանական չկարգավորված հակամարտությունը և դրա վերսկսման հավանականությունը, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության փոխակերպումը։
Բացի այդ, կքննարկվեն Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցման հարցերը, Թուրքիայի աճող ազդեցությունը, Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը, տարածաշրջանում իր ներկայությունն ընդլայնելու Եվրամիության փորձերը, ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի ակտիվությունը՝ որպես ուժի հեռավոր կենտրոններ: