Արմինֆո.Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ այսօր հիմնական նիստի ավարտից հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Ինչպես ասվում է կառավարության ապրիլի 17-ի որոշման նախագծում, օրակարգում մեկ հարց կա՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
«Օրենքի ընդունման հրատապությունը կայանում է նրանում, որ Գառնի համայնքում ոռոգման սեզոնը սկսվում է մայիսի 1-ից, իսկ Գառնիի մայր ջրանցքից ոռոգման նպատակով ջրառ իրականացնելու համար ջրօգտագործման թույլտվության տրամադրումը անհնար է, քանի որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» գործող օրենքի 16-րդ հոդվածով սահմանված է, որ պետական արգելոցի տարածքում արգելվում է ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն։ Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ պետական արգելոցի տարածքից ցանկացած դեպքում և ցանկացած իրավիճակում ջրառն արգելված է:
Գառնի մայր ջրանցքը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, կառուցվել է դեռևս 1972 թվականին Գառնի բնակավայրի հողատարածքները ոռոգելու նպատակով, քանի որ Գառնի բնակավայրը ոռոգման այլ ջրաղբյուր չունի և հողատարածքների ոռոգման խնդիրը կարգավորվում է բացառապես Գառնիի մայր ջրանցքից, որի սնուցող ջրատարը սկիզբ է առնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հոսող Ազատ գետից և շուրջ 11 կիլոմետր երկարությամբ ինքնահոս եղանակով ջուրը տեղափոխվում է Գառնի համայնքի Գառնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գառնիի մայր ջրանցքի ջրընդունիչ», - ասվում է որոշման հիմնավորման մեջ: