Արմինֆո. Եվրոպացիները եւ, առաջին հերթին, ֆրանսիացիները շահագրգռված են տարածաշրջանային լարվածության պահպանմամբ՝ Հարավային Կովկասում սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար: Այդ մասին ապրիլի 17-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում Ֆրանսիայի ակտիվությանը։
"Մենք բացարձակապես պատրանքներ չունենք Հարավային Կովկասում Փարիզի բարի մտադրությունների վերաբերյալ։ Եվ տարածաշրջանում իրական օրակարգը ոչ մի կապ չունի ապաէսկալացման, կարգավորման, խաղաղաշինության գործընթացի և այլնի հետ։ Ոչ: Բազմիցս ականատես ենք եղել հենց Ելիսեյան պալատի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության, հակասությունների սրման գնով միջնորդական ջանքեր պարտադրելու փորձերին։ Հենց ֆրանսիացիների վրա է ընկած 2022 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սաբոտաժի և փաստացի փլուզման համար պատասխանատվության զգալի մասը", - ասել Է Զախարովան։
Նա եւս մեկ անգամ կրկնել է, որ Մոսկվայում քաջատեղյակ են Հարավային Կովկասում ԵՄ իրական նպատակների մասին, որոնք, նրա համոզմամբ, բացարձակապես կապված չեն Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդրի հետ: Նրա խոսքով, նրանց կարելի է անվանել պարզապես "լրտես-մոնիտորներ", որոնք աշխատում են "եւ ներսում, եւ դրսում, Հայաստանի հարեւան բոլոր երկրների դեմ, ինչի մասին տարածաշրջանային շատ խաղացողներ նշել են":
Զախարովան նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Փարիզի ներկայացուցիչների հավաքած ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է ոչ թե Հայաստանին, այլ ուղարկվում է ուղիղ Բրյուսել, իսկ նպատակը հայտնի է: "Հետխորհրդային տարածքում Բրյուսելի խնդիրները ոչ ոք չի էլ թաքցնում։ Դա անվերջ քաոս է, տարաձայնություն, թշնամանք", - հավելել է նա։
Զախարովայի խոսքով, ռուսական կողմը շատ լավ հասկանում է ֆրանսիական կողմի հեռահար նպատակները, որոնք ուղղված են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայության ընդլայնմանը, այն է՝ հողի վրա ամրացում, որպեսզի ոչ թե տարածաշրջանային խաղացողները, ոչ թե տարածաշրջանի երկրները որոշեն իրենց ճակատագիրը, այլ ապրեն դրսի թելադրանքով: Նրա խոսքով ՝ այո, այդ առաքելությունը չի կոչվում ՆԱՏՕ-ի առաքելություն, բայց ներկայացված են ՆԱՏՕ-ի երկրները։
"Ոչ մի կայունություն ԵՄ առաքելությունը տարածաշրջան, իհարկե, չի բերում։ Արձանագրում ենք հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդագրությունները", - ասել է նա, ևս մեկ անգամ համոզմունք հայտնելով, որ ԵՄ առաքելության ներկայությունը միայն մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում։
Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասը Եվրամիության կողմից դիտարկվում է որպես հիբրիդային պատերազմ սանձազերծելու հերթական ճակատ, և արդեն գլոբալ, և ոչ միայն Ռուսաստանի դեմ, ինչպես նախկինում: "Հայաստանը հավաքական Արևմուտքի ուղեծիր ներքաշելով լղոզված, խաբուսիկ հեռանկարներով՝ Ֆրանսիան փորձում է խաթարել ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները", - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: