Արմինֆո.եր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել, իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ։ Ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թ. կատարման զեկույցի քննարկման ավարտին իր եզրափակիչ ելույթում Փաշինյանը, մասնավորապես, ասել է.
«Վերջին յոթ տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Մենք տեսել ենք պարտություն և ձախողում, մենք տեսել ենք լաց և ատամների կրճտոց, մենք տեսել ենք ողբերգություն և ցասում, բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ թվում էր անհնար է առաջնորդել, որտեղ սովորաբար առաջնորդություն չի լինում, այլ լինում է քաոս և խուճապ, փլուզում և կործանում, մենք առաջնորդել ենք և զուգահեռ՝ իրական պետություն, իրական անկախություն և հետևաբար ազատություն, բարեկեցություն, երջանկություն ունենալու հնարավորություն ենք փնտրել մեր հայրենիք պետության, Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի համար և ստեղծել ենք այդ հնարավորությունը, և ուզում եմ ասել ստեղծել ենք այդ հնարավորությունը: Արդեն այսօր սա կարող եմ ասել բարձր և վստահ, մենք մեր պատմության գագաթնակետին, կուլմինացիային ենք հասել և մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել, իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ։ Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել և հետևաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու և չեզոքացնելու հնարավորությունը։ Իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք, և այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որոնք ձեռնարկում ենք վերջին տարիներին՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում, խաղաղության խաչմերուկ նախագիծ:
Այս բոլորը քայլեր են, որոնք պետությունը և նրանում ազատ, անվտանգ և բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում, ամենից բարձր և առաջնահերթ ու սա է մեր ռազմավարությունը, ու սա մեր հարգանքի մեծագույն տուրքն է մեր բոլոր նահատակներին»։