Արմինֆո. Արմատական իսլամականները հարձակում են գործել Սուդանի մայրաքաղաք Խարթումի հին հայկական եկեղեցու վրա՝ կողոպտելով ու քանդելով այն ներսից։ Այդ մասին հաղորդել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հղում անելով հայ լրագրող Վադիմ Հարությունին։
Լապշինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի սկզբին, և նման ավերածությունից հետո դրա վերականգնումը, գործնականում, անհնար կլինի: Նրա խոսքով՝ Սուդանի փոքր հայ համայնքը չի կարող իրեն նման ծախսեր թույլ տալ, բացի այդ, այն նույնպես անհետացման վտանգի տակ է:
Այդ առումով բլոգերը հիշեցրել է, որ ժամանակին Սուդանում մոտ 1000 հայ է ապրել, իսկ Խարթումում գործել են հայկական դպրոց և համայնքային այլ հաստատություններ: Սակայն վերջին տարիներին, նրա ասելով, հայերի թիվը նվազել է՝ հասնելով մոտ 20-ի, հիմնականում՝ տարեցներ: "Հայերն այնտեղ ավելի ու ավելի քիչ են մնում։ Մոտենում է Սուդանի հայերի պատմության տխուր ավարտը", - նշել է Ալեքսանդր Լապշինը։
Կատարվածի առնչությամբ Լապշինը նաև հիշեցրել է ադրբեջանցիների կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության համատարած ոչնչացման մասին՝ նրանց գործողությունները համեմատելով իսլամականների հետ: Նա իր վրդովմունքն է հայտնել, որ Արցախում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը քանդում է քրիստոնեական եկեղեցիները և պղծում հայկական գերեզմաններն ու խաչերը: Բլոգերն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանում քաղաքակիրթ հասարակության պատրանք ստեղծող արտաքին պատկերին, իրական իրավիճակը հակառակն է վկայում:
"Եվ դա այն պատճառով, որ նրանք չեն ընկալում որևէ այլ հավատ, բացի իրենց իսլամի այլասերված ձևից: Խոսքը ոչ թե իսլամի մասին է՝ որպես այդպիսին, այլ՝ դրա այն մեկնաբանության մասին, որն այժմ կիրառվում է Ադրբեջանում՝ Ալիևների ընտանիքի վերահսկողության ներքո", - ամփոփել է բլոգերը։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի ամռանը Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպությունն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր 7-րդ զեկույցում ահազանգում էր Ադրբեջանի կողմից ԼՂՀ գրավյալ տարածքներում հայկական ժառանգության ոչնչացման դեպքերի 75%-ով, և որպես վտանգված դասակարգված օբյեկտների թվի 29%-ով ավելացման մասին։