Արմինֆո. Արցախի պահպանության կոմիտեն արձագանքել է ապրիլի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությանը, թե՝ «Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», այն գնահատելով որպես պետության ու ժողովրդի շահերի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորում։ Արցախի պահպանության կոմիտեից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտաարարության տեքստում ասվում է.
«Կոմիտեն արձանագրում է, որ նման մոտեցումները լրջորեն վտանգում են ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և պետական շարունակականությունը։ Ղարաբաղյան շարժումն իր էությամբ ազգային-ազատագրական շարժում էր, որն ուղղված էր ոչ միայն Արցախի ազատագրմանը, այլև հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնմանը և միասնականության ամրապնդմանը։
Այսպիսով, նման հայտարարությունները և քաղաքական կուրսը`
1.Աղավաղում են պատմական ճշմարտությունը, քանի որ Ղարաբաղյան շարժումը կարճաժամկետ քաղաքական ակցիա չէ, այլ ազգային դիմադրության ու ինքնորոշման իրավունքի իրացման գործընթաց։ Հրաժարումը այդ պայքարից հավասարազոր է սեփական պատմության ժխտմանը։
2.Դարձնում են անտեսանելի միջազգային իրավունքները, քանի որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ մի կերպ չի չեղարկվել։ Փակված էջ հայտարարելը փաստացի նշանակում է հրաժարում այս իրավունքը միջազգային հարթակում պաշտպանելուց։
3.Պառակտում են հայ ժողովրդի միասնականությունը, քանի որ նման հայտարարությունները խորը բաժանարար գիծ են գծում Հայաստանի և Արցախի հայության միջև։ Արցախը Հայաստան է, և մերժելով Ղարաբաղյան շարժումը՝ դուք մերժում եք մեր համահայկական միասնական պայքարը։
Արցախի Պահպանության Կոմիտեն հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժման արժեքները մնում են արդիական և կենսական՝ անկախ քաղաքական իշխանության ժամանակավոր հայտարարություններից։ Մենք շարունակում ենք հանդես գալ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանության։
Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը և գիտակցել, որ ազգային-պետական շահերը չեն կարող փոխարկվել կարճաժամկետ քաղաքական հարմարության։
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին վերանայել իրենց այս վտանգավոր դիրքորոշումը՝ գիտակցելով, որ ազգային-պետական շահերի զոհաբերումն իբր քաղաքական ճկունության անվան տակ հղի է անդառնալի հետևանքներով թե՛ պետության անվտանգությանը, թե՛ պատմական պատասխանատվությանը», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան շարժումը հասարակական շարժում է' ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ բնակչության' մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու պահանջի: Այն սկիզբ է առել նաաաախորդ դարի 80-ականների վերջին և սկիզբ դրել Ադրբեջանական ԽՍՀ-ից Արցախի անջատմանը և անկախության հռչակմանը։