Արմինֆո. Ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» բարեգործական համերգ, որը կազմակերպել էր Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հաղորդագրության համաձայն, համերգի արդյունքում հանգանակվել է աննախադեպ գումար՝ ավելի քան 45 միլիոն դրամ, որն ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը։
Հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ընդգծել է միջոցառման նշանակությունը ոչ միայն մշակույթի, այլև՝ բարության և հոգատարության տեսանկյուններից:
«Յուրաքանչյուր բարի գործ, որքան էլ փոքր թվա, անսահման զորություն ունի։ Այն աջակցությունը, որ ցուցաբերում ենք առողջական մարտահրավերների առաջ կանգնած երեխային ու նրա ընտանիքին, փոխում է ոչ միայն նրանց կյանքը, այլև դրականորեն ազդում մեր ամբողջ հասարակության վրա։ Դա բարության բումերանգ է, որ տարածվում է՝ լույսով լցնելով մեր շուրջը և վերադառնալով մեզ: Ինչպես սիմֆոնիկ նվագախումբն է տարբեր գործիքների միասնությամբ ստեղծում ներդաշնակ հրաշք, այնպես էլ մենք՝ միասին, կարող ենք ստեղծել ավելի առողջ ու լուսավոր ապագա մեր երեխաների համար. եկեք անենք դա»,- նշել է Արմեն Մարտիրոսյանը։
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անձամբ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար չափազանց կարևոր են բարեգործական նախագծերը՝ հատկապես, երբ դրանք միտված են երեխաների առողջությանը։ Ուստի, մեծ սիրով միացանք այս նախաձեռնությանը և ուրախ ենք, որ մեր սիրված ծրագրերից մեկի՝ «Սիմֆոնիկ ռոքի» բոլոր տոմսերը սպառվեցին` ծառայելով իր նպատակին»,- ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։
Համերգը ղեկավարել է դիրիժոր Հարություն Արզումանյանը, մենակատարը Վարդան Գաբոյանն էր: Համերգային ծրագրում սիմֆոնիկ մեկնաբանությամբ ներկայացվել են The Beatles, Queen, Pink Floyd, Deep Purple, Scorpions, Led Zeppelin, System of a Down և այլ խմբերի հանրահայտ ստեղծագործությունները։
«Սիմֆոնիկ ռոք հանուն երեխաների առողջության» բարեգործական համերգի բացառիկ հովանավորը YoHealth-ն է, գլխավոր հովանավորը՝ Ամերիաբանկը և Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Հայ վիրավոր հերոսների աջակցման հասարակական կազմակերպությունը: Համերգի գործընկերներն էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և «Կոնցեպտ Իվենթս»-ը»։
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որն աջակցում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին՝ նրանց բուժման հնարավորություն ընձեռելով ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանի առաջատար բժշկական հաստատություններում: Հիմնադրամն իրականացնում է նաև հետազոտական, կանխարգելիչ ու հիվանդությունների վաղ հայտնաբերման ծրագրեր՝ ավելի երկարաժամկետ ու լայն ազդեցությամբ: 2021 թվականից ի վեր՝ 70 հազար նվիրատվությունների շնորհիվ, հիմնադրամը աջակցել է ավելի քան 3000 երեխայի՝ նրանց բուժմանը և հիմնադրամի կարևոր ծրագրերի իրագործմանը ուղղելով շուրջ 1.5 միլիարդ դրամ։