Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Անթալիայում Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերների հետ հանդիպումների արդյունքների առնչությամբ, չնայած այն հանգամանքին, որ հնարավոր չի եղել ինչ-որ վերջնական պայմանավորվածության հասնել:
"Բայց չեմ կարող ժխտել, որ հանդիպումները կողմերին ավելի հասկանալի են դարձնում միմյանց համար։ Ինչը, անկասկած, արդյունավետ է ընդհանուր գործընթացի համար: Այնպես որ, շփումները գնահատում եմ դրական", - ասել է Միրզոյանը՝ ապրիլի 16-ին Երևանում Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով Ադրբեջանի պահանջին, այդ թվում ՝ Հայաստանի գլխավոր օրենքի փոփոխությանը և այդ համատեքստում խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարներին, Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ, առաջին հերթին, պետք է հասկանալ, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի սահմանադրության հարցում։
Միրզոյանը նշել է, որ եթե Բաքուն այդպես է վարվում խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար, դա մի բան է, բայց, եթե մտավախություններն անկեղծ են, ապա իրավիճակն այլ է։
"Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, ինչը հաստատում է սահմանագծման մասին Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների կանոնակարգի համապատասխանության վերաբերյալ ՍԴ - ի նախորդ տարվա որոշումը",- ասել է նախարարը, հիշեցնելով, որ կանոնակարգում հղում կա Ալմա-Աթայի արձանագրությանը և ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանների մասին դրույթին: Հայաստանի արտգործնախարարը կարծում է, որ ելնելով վերոգրյալից, այդ հարցը փակված է։
Միևնույն ժամանակ, Միրզոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը ևս մտահոգություններ ունի Ադրբեջանի սահմանադրության բովանդակության առնչությամբ, բայց Երևանում կարծում են, որ եթե հայկական դեպքում հարցը փակվում է, ապա նրանց մոտ՝ նույնպես: Նա դա հիմնավորել է այն բանով, որ միջպետական փաստաթղթերը, որպես կանոն, գերակայում են ներպետական օրենսդրության նկատմամբ։ "Այնպես որ, խաղաղության պայմանագրի ստորագրումը կասկածները փարատելու ամենակարճ և արդյունավետ ճանապարհն է", - հավելել է Միրզոյանը:
Նա նաև հիշեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների գաղափարը երկրում հայտնվել է մի քանի տարի առաջ ։ "Այսինքն, Հայաստանի իշխանությունները դիտարկում են սահմանադրության փոփոխության հարցը, բայց՝ ոչ այն պատճառով, որ հիմնավորված են համարում Ադրբեջանի պահանջները", - ասել է նա:
Ֆայոնն, իր հերթին, Սլովենիայի աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ է արել օր առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը:
Նա նաև անդրադարձել է Հայաստանի կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությանը և հայտարարել, որ Սլովենիան ակտիվորեն աջակցում է այդ նախաձեռնությանը:
Սլովենիայի նախարարի կարծիքով՝ դա շատ կարևոր նախաձեռնություն է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը, որը համապատասխանում է տարածաշրջանային բոլոր մասնակիցների շահերին: Ֆայոնը հավելել է, որ ամբողջ ԵՄ-ն աջակցում է նախաձեռնությանը։