Արմինֆո. Երկարատև դադարից հետո վերաբացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունը: Ազգային պատկերասրահի բացված 55 մշտական ցուցասրահներում ներկայացված են հայ կերպարվեստի ականավոր գործիչների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, գլուխգործոցներն ու քանդակները:
Ցուցադրությունը բաղկացած է Հայաստանի կերպարվեստի այնպիսի ականավոր գործիչների աշխատանքներից, ինչպիսիք են Հակոբ Հովնաթանյանը, Հովհաննես Այվազովսկին, Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը, Հակոբ Կոջոյանը, Գեորգի Յակուլովը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը և այլոք:
Մշտական ցուցադրությունում իրենց պատվավոր տեղն են գրավել իտալական Վերածննդի և Բարոկոյի ականավոր ներկայացուցիչները՝ Տինտորետոն, Դոնաթելոն, Գարոֆալոն, Բեռնարդո Ստրոցին, Գվերչինոն, ինչպես նաև ֆրանսիական Բարբիզոնյան դպրոցի նկարիչները՝ Թեոդոր Ռուսոն, Դիաս դե լա Պենյան: Ներկայացված են Գուստավ Կուրբեի ռեալիզմի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գլուխգործոցներ:
Մշտական ցուցադրությունում ներկայացված են դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի գործեր, բացառիկ կահույքի նմուշներ, սպասք, ոսկերչական իրեր, զենքեր, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ: