Արմինֆո. Ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով գլխավորում էր Կոմկուսի ցուցակը և ընդդիմադիրների շրջանում ամենաշատ ձայներ էր հավաքել, կրկին ընտրվել է Գյումրու քաղաքապետ:
Ղուկասյանի օգտին քվեարկել են Գյումրու ավագանու նիստին ներկա բոլոր 18 անդամները: ՔՊ ներկայացուցիչները բոյկոտել են նիստը:
Այսպիսով՝ ընդդիմության միասնական թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով նախկինում Գյումրու քաղաքապետի պաշտոնում աշխատել է 13 տարի (1999-2012թթ.), 13 տարի անց կրկին գլխավորել է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքել էր "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը (ձայների 35,47%), սակայն այդ տոկոսը բավարար չէր, որպեսզի քաղաքը գլխավորեր ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը: Միավորված ընդդիմությունը որոշեց միասնական թեկնածու առաջադրել՝ ի դեմս ՀԿԿ ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանի, ով ստացել է 18,41 տոկոս:
Այսօր Գյումրու ավագանու առաջին նիստից առաջ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից Գյումրու քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը պահանջել է անցկացնել նոր՝ արտահերթ ընտրություններ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ