Արմինֆո. ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նախօրեին հյուրընկալել է ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, պատվիրակության կազմում էին Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, ՌԴ կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը, համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ալբերտ Կումուկովը։ ՀՀ ԳԱԱ-ից հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատարներ Արամ Պապոյանը և Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության ղեկավար Սոֆի Աճեմյանը:
«Մենք կարևորում ենք նման հանդիպումների անցկացումը, որոնք ամրապնդում են գիտական կապերը»,- ասել է Աշոտ Սաղյանը՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ գործունեությունը։
Աշոտ Մելքոնյանը նշել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի համագործակցության մասին, որի արդյունքում հրատարակվել է 2 մենագրություն, որոնց շնորհանդեսները նախատեսված են առաջիկայում Երևանում և Ստավրոպոլում։
Դմիտրի Բեսպալովը կարևորել է համագործակցությունը ՀՀ գիտական կառույցների հետ և ՀՀ ԳԱԱ նախագահին փոխադարձ այցով հրավիրել է Ստավրոպոլ։
Կողմերը քննարկել են համագործակցության՝ համատեղ կրթական ծրագրերի, գիտաժողովների, դպրոցների կազմակերպման հնարավորությունները։