Արմինֆո.ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև հիմա չի հասկացել, որ քաղաքական ուժին՝ ի դեմս "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության, իշխանության է բերել ժողովուրդը: Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտարարիել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀԿ հոբելյանական նիստում Սարգսյանի արած հայտարարություններին։
Սիմոնյանը նշել է, որ երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև վեճը, թե նրանցից ով է "Քաղաքացիական պայմանագիր"-ին բերել իշխանության, վաղուց արդեն կորցրել է իր արդիականությունը: Այդ վեճում Սերժ Սարգսյանը փորձում է լրացուցիչ դիվիդենտներ շահել։ Բայց բոլորի համար ակնհայտ է, որ երբ "նախկինները" վատ են խոսում ներկաների մասին, վերջիններիս վարկանիշը միայն աճում է։
Խոսնակը նախկին նախագահին առաջարկել է հաջորդ ընտրություններին մասնակցել անձամբ։ "Թող մասնակցի քարոզարշավին և բանավեճերին", - ասել է Սիմոնյանը: Ինչ վերաբերում է "կապիտուլյանտներ" բառին, որը շատ է սիրում օգտագործել խորհրդարանական ընդդիմությունը եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանը, խոսելով գործող իշխանության ներկայացուցիչների մասին, ԱԺ նախագահը նշել է. "Այդ դեպքում Սերժ Սարգսյանը "մերժված" է ... Նրա օրոք բանակը հագեցած էր 80-ականների զենքերով։ Ընդ որում, նրանք՝ իրենք, ապրել են 2007 թվականի արտադրության ամենագնացներով եւ առանձնատներում։ Այնպես որ, թող, ավելի լավ է, խոսի։ Նա մեզ ավելի մեծ օգուտ չի կարող բերել"։
Հիշեցնենք, որ ՀՀԿ հոբելյանական նիստին իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Արցախում էթնիկ զտումներին, նշելով, որ արցախցիները բռնի տեղահանվել են, իսկ Արցախն ամբողջությամբ հանձնվել է թշնամուն, ինչը զրոյացրել է վերջին երեք տասնամյակների ընթացքում հայ ժողովրդի հսկայական ջանքերն ու զոհողությունները: Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀԿ գործադիր մարմինը բազմիցս ընդգծել է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու համար անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել, և մատնանշել է իր լեգիտիմությունը կորցրած կառավարության կողմից հայ ժողովրդի համար էքզիստենցիալ նշանակություն ունեցող հարցերի շուրջ երկխոսություն վարելու անթույլատրելիությունը, քանի որ այն որևէ դրական արդյունքի չի հանգեցնի: "Մենք դիմել ենք հայ հանրությանը, արցախահայությանը, Սփյուռքին, Հայաստանի դաշնակիցներին և գործընկերներին, կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները, և սկսել համախմբված քննարկումների և գործողությունների շարք ՝ կործանարար գործընթացը կասեցնելու նպատակով։ Մենք կոչ ենք արել միջազգային գործընկերներին առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ իրենց նախորդ հայտարարություններով, ժամանակին իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկել, թիրախային և գործնական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործելակերպը կասեցնելու, նոր ողբերգություն թույլ չտալու ուղղությամբ, ինչպես նաև Ադրբեջանին դուրս բերել երկխոսության դաշտ ՝ քննարկելու արցախահայության ՝ միջազգային երաշխիքների ներքո հայրենիք վերադարձի հարցերը: Մեր կուսակցության վերջին համագումարում ես արդեն ասել եմ, որ "ոչ ոք ձեզ չի ստիպել կովերի նախիրում համբուրել ամենաբարձր զռացող էշի ճակատը։ Հիմա, հաշվի առնելով վերջին զարգացումները, ուզում եմ շարունակել միտքս. "մի կապեք այն էշին, որին համբուրեցիք, մեր դռանը": Յուրաքանչյուր ոք պատասխանատու է էշի համար, որի ճակատը նա համբուրել է", - ասել է ՀՀ երրորդ նախագահը ։