Արմինֆո. "Թաթոյան" հիմնադրամը հրապարակել է հերթական զեկույցը Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ։
Հիմնադրամի հաղորդագրության համաձայն, զեկույցի նախապատրաստական փուլում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, որոնք ներառում են առանձնազրույցներ Արցախից բռնի տեղահանված անձանց, Պաշտպանության բանակի ծառայողների հետ։ Ուսումնասիրվել են նույն հարցերի վերաբերյալ տեսանյութեր և այլ օբյեկտիվ ապացույցներ:
Զեկույցը ներառում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում սկսված զինված հարձակումների մանրամասն վերլուծությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակչության, ենթակառուցվածքների ու մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված հանցագործությունները։ Զեկույցում ներկայացված են ադրբեջանական հարձակումները Արցախի խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, քաղաքացիական տների նկատմամբ։
Զեկույցը ներառում է նաև Արցախի բնակչության բռնի տեղահանումը հաստատող փաստեր, ինչպես նաև ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության ավերումն ու պղծումը՝ պատմամշակութային արժեքների, եկեղեցիների և խաչքարերի ոչնչացումը։
«Այս զեկույցը պատրաստվել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի աջակցությամբ։
Այն ներկայացվել է միջազգային կազմակերպություններին 2024 թվականին և ներկայում հրապարակվում է հանրության համար։ Հրապարակումից անմիջապես հետո զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև զեկույցում տեղ գտած փաստերի հիման վրա կձեռնարկվեն համապատասխան քայլեր», - ասվում է հաղորդագրությունում: