Արմինֆո. Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է գործընկերոջ՝ քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ:
Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Լիոնի քաղաքապետը նշել է, որ այս այցն իր հերթին կստեղծի նոր հնարավորություններ՝ համատեղ նախագծեր կյանքի կոչելու համար։
Կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և տարածաշրջանների հետ՝ Երևանի քաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ ստորագրվելիք համաձայնագիրը հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ գործակցության ծրագրեր բոլոր այն ոլորտներում, որոնք կողմերը համատեղ ընտրել են՝ կանաչապատում, ուրբանիզացիա, մասնագիտական կրթություն, մշակույթ, սպորտ, ֆրանկաֆոնիա, զբոսաշրջություն և այլն:
Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, պաշտոնական հանդիպմանը հաջորդել է «Ապակենտրոնացված եռամյա համագործակցության համաձայնագրի» ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարը:
Եռամյա գործակցության օրակարգում փորձի փոխանակման և համատեղ նախագծեր իրագործելու հնարավորություններն են, որոնք նպատակ ունեն զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգերն ու բարելավել հանրային ծառայությունների մատուցումը: