Արմինֆո.Հայաստանում որևէ խնդիր չեն տեսնում տրանսպորտային հաղորդակցության, երթուղիների կամ ենթակառուցվածքների բացման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանին Սյունիքով երթուղի տրամադրելուն:
«Խնդիրը կապված է ոչ թե բովանդակության, այլ ձևակերպման հետ։ Ամբողջ աշխարհը խոսում է նոր տրանսպորտային և տարանցիկ միջանցքների մասին, և մենք լիովին համամիտ ենք այս տրամաբանության հետ։ Ավելին, մենք գիտակցում ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման պարագայում Հայաստանը լինելու է առաջին շահառուներից մեկը։ Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի «միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է։ Օրինակ, ես կարծում եմ՝ սա կարող է հետաքրքիր լինել նաև թուրքական հասարակության համար. մենք առաջարկել ենք Ադրբեջանի Հանրապետությանը բացել երկկողմ երկաթուղային ենթակառուցվածքները։ Այսինքն, այնպես անել, որ երկու կողմերը կարողանան լիարժեք օգտագործել միմյանց երկաթուղային ցանցերը։
Այն հատվածում, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ՝ հնարավորինս կարճ երթուղով, մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից մեխանիզմներ։ Օրինակ, առաջարկել ենք կիրառել էլեկտրոնային սկանավորման համակարգեր՝ ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցնելու նպատակով։ Առաջարկել ենք ներմուծել էլեկտրոնային հայտարարագրում, ինչը կթույլատրի արագացնել բեռների հոսքը։ Բացի այդ, մենք առաջարկել ենք կիրառել ապահովագրության և վերաապահովագրության մեխանիզմներ՝ անցման անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր ըմբռնումն այն էր, որ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր։ Սակայն այժմ մենք նկատում ենք որոշակի անորոշություն։ Ինչու՞։ Դժվար է ասել, որովհետև, մեր կարծիքով, այս առաջարկի մերժման համար չկա հստակ ռացիոնալ բացատրություն։ Մենք պատրաստ ենք անհապաղ գործարկել այս նախաձեռնությունը՝ սկսելով առաջին փուլում բեռների երկաթուղային փոխադրումով։ Եթե այս փուլը հաջողությամբ իրականացվի, ապա կարելի է անցնել ուղևորափոխադրմանը և հաղորդակցության այլ ձևերին։
Մենք նաև համոզված ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման այս գործընթացը կտանի դեպի տարածաշրջանային փոխկապվածության ամբողջական վերականգնում, այդ թվում՝ երկաթուղային կապի վերագործարկում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցում։
Վերջապես, մեր տեսանկյունից, այս նախագիծն ունի լոգիստիկ պատկերն արմատապես փոխելու ներուժ՝ առնվազն տարածաշրջանային մակարդակով։ Ես չեմ տեսնում որևէ բացասական ազդեցություն ներգրավված կողմերից որևէ մեկի համար»», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մինչդեռ, Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ պայմանավորվածությունների էությունը և ստանալ արտատարածքային միջանցք։