Արմինֆո. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ համայնքի կողմից ներհամայնքային ուղեւորափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին:
Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է՝ որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Վերոնշյալ օրենքով մանրամասն կարգավորված են տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:
Այս կարգավորումները Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում:
Հաշվի առնելով, որ Երեւան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն՝ առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել մեկ միասնական տեղական վճար սահմանելու հնարավորություն, ինչը թույլ կտա քաղաքացիներին վճարելով մեկ անգամ՝ իրենց հայեցողությամբ օգտվելու բոլոր տրանսպորտային միջոցներից:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար: Սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործուն մեխանիզմներ:
Հարցուպատասխանի ձեւաչափում փոխնախարարը մի շարք պարզաբանումներ է ներկայացրել: Նշվել է, որ վարչական իրավախախտման արձանագրման երեք տարբերակ է առաջարկված. առաջինը վերաբերում է առանց տեղական վճարը վճարելու երթեւեկությանը, երկրորդը՝ այլ ուղեւորի արտոնության իրավունքի օգտագործմանը, երրորդը՝ երբ վճարում իրականացվել է, սակայն այդ իրավունքի շրջանակում տրանսպորտային միջոցում վավերացում չի եղել: Արմեն Սիմոնյանը փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով անտոմս երթեւեկությունն առաջացնում է տուգանքի նշանակում: Զեկուցողի խոսքով երբ մասնավորն է իրականացնում երթուղում փոխադրումներ եւ հետապնդում բիզնես-շահ, ապա ինքն է վերահսկում, որ իր ուղեւորներն ունենան տոմսեր: Այստեղ նույնիսկ պետական վերահսկողության խնդիր չկա: Սա միջմարզային, ներմարզային փոխադրումներում, իսկ համայնքի դեպքում անկախ ձեւավորման ձեւից՝ սակագինը որոշում է ավագանին: Երբ ծառայությունը մատուցում է համայնքը, սահմանվում է տեղական վճար՝ որպես համայնքի կողմից իրականացվող ծառայություն, եւ դրա գանձման նկատմամբ սահմանվում են իրավախախտման տեսակներ:
Ընդդիմադիր որոշ պատգամավորներ դեմ են արտահայտվել նման կարեւոր հարցի հապճեպ քննարկմանն ու ընդունմանը: Նշվել է, որ նման կարգավորումներով քաղաքացիների իրավունքներն են սահմանափակվում: Քանի որ վիճահարույց կետեր կան, աշխատանքային քննարկումներ կազմակերպելու առաջարկ է հնչել: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծին: