
«Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Տաշիր» ընկերությունների խմբի լրատվական ծառայությունը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «Տաշիր» ընկերության մամուլի ծառայությունից, գործարքն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և կավարտվի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից համապատասխան որոշումից հետո (այդ որոշումը նախատեսվում է հաստատել ՀԾԿՀ հոկտեմբերի 1-ի նիստում – 168.am): Կողմերը նաև պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն շարունակելու են ամբողջ ծավալով կատարել իրենց կողմից նախկինում ստանձնած արտավորությունները։
««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Զարգացման հետագա պլանների մեջ է մտնում հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաև բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։
Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացած և մինչև 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար։
««Интер РАО» խումբը ՀԷՑ-ի սեփականատեր հանդիսանալու ողջ ժամանակահատվածում ներդրել է լավագույն գործարար փորձը, ներդրումներ է կատարել Հայաստանի էլեկտրաէներգետիկ սեկտորի զարգացման ուղղությամբ, օպտիմալացրել է ծախսերը, ինչի արդյունքում բարելավվել են ակտիվների գործունեության արտադրական արդյունքները, – ասել է «Ինտեռ ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկը,- Մենք «Տաշիր» ընկերությունների խմբի հետ պայմանավորվել ենք գործարք կնքել այնպիսի պայմաններով, որոնք հաշվի են առնում ակտիվների արդարացի արժեքը։ Հենց այդ մոտեցումը կողերին թույլ կտա հասնել առավելագույն տնտեսական էֆեկտի»։
Նշենք, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին ընդունեց էլեկտրաէներգիայի գները զգալիորեն բարձրացնելու մասին որոշում: Հունիսի 19-ին սկսվեցին բողոքի լայնամասշտաբ ակցիաները: Դրանից հետո երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ում կանցկացվի միջազգային աուդիտ, իսկ մինչև դրա ավարտը կառավարոթյունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի «սակագների բարձրացման բեռը»: Դրանից հետո Ինտեր ՌԱՕ ընկերությունն սկսեց իր ակտիվները վաճառելու համար փնտրել գնորդի: