Արմինֆո. Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Նշենք, որ 2024 թվականի հուլիսի 30-ին կարգավորման գործընթացի հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը երկու տարվա ընդմիջումից հետո թուրք-հայկական սահմանին անցկացրել են բանակցությունների 5-րդ փուլը։ Հանդիպումը տեղի է ունեցել առավոտյան հայկական կողմում, ցերեկը՝ թուրքական: Հավելենք, որ բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում։ Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ - թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք այցելում են, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա, և որոշել էին անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ։
Պայմանավորվել էին նաև կարճ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու շուրջ, և որոշում էին կայացրել անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Ի վերջո, կողմերը ևս մեկ անգամ ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց պայմանավորվածությունը:
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի առնչությամբ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ: