Արմինֆո. Ուրուգվայի խորհրդարանում կրկին անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին:
Ինչպես հաղորդում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը, հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է:
Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, Անա Օլիվերան և Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
Ուրուգվայցի խորհրդարանականներն իրենց առանձնահատուկ հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, ուրուգվայահայ համայնքին, ողջունել նիստին ներկա ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և բարձր գնահատել դեսպանության գործունեությունը: