
Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեսունվեց անդամներ՝ Դինա Թիթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ, երկկուսակցական նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որում կոչ են արել Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար՝ ներառյալ ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանքների, բռնությունների և կեղծ դատավարությունների համար։ Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ANCA ողջունել է կոնգրեսականների այդ նամակը՝ այն համարելով պատասխանատվությանը և արդարության վերականգմանն ուղղված կարևոր քայլ Արցախի հայերի համար։
Երկկուսակցական նամակում կոչ է արվում Պետդեպարտամենտին անհապաղ օգտվել մարդու իրավունքների պահպանման համար գլոբալ պատասխանատվության մասին Մագնիտսկու օրենքին համապատասխան պատժամիջոցներ կիրառելու լիազորություններից՝ Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների եւ պաատերազմական հանցագործությունների համար:
Ստորագրողներն ընդգծել են, որ "մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ընթացքում եւ դրանից հետո գերեվարված առնվազն 23 հայտնի հայ ռազմագերիների", նախազգուշացնելով, որ "այդ քաղաքական պատանդները, այդ թվում ՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ազատազրկման վայրերում ենթարկվել են դաժան վերաբերմունքի եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի":
Նրանք նաև ուշադրություն են հրավիրել Ադրբեջանի անպատժելիության ավելի լայն տարածաշրջանային հետևանքների վրա: "Բարձրաստիճան հայ գործիչների նկատմամբ կեղծ դատավարությունները խաթարում են կայուն խաղաղության համար անհրաժեշտ վստահության ամրապնդման միջոցները։ Քաղաքական բանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակումը խիստ կարևոր քայլ է արդար և տևական կարգավորման հասնելու ճանապարհին", - ասվում է օրենսդիրների նամակում:
Վերջում նրանք կոչ են արել ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել. "Մենք կարծում ենք, որ Մագնիտսկու պատժամիջոցները կարևորագույն գործիք են ռազմագերիների ազատ արձակման և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զսպելու համար":