Արմինֆո. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը Ադրբեջանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ զրույցում հստակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար տեսնել հայ կալանավորների ազատ արձակումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակում: Այդ մասին, ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը՝ ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթի հետ հարցազրույցում:
Վարդանյանի փաստաբանի ասելով, միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այցելել է Ադրբեջան, որպեսզի քննարկի երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր, ինչպես նաև կոչ անի ազատ արձակել հայ ռազմաքաղաքական ղեկավարությանը: "Որքան ես հասկանում եմ, Թրամփի վարչակազմն այժմ եղանակներ է փնտրում քաղաքական գործողությունների միջոցով որոշ շատ հստակ ազդակներ ուղարկելու համար, որոնք Ադրբեջանի նախագահին հասկացնել կտան, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է կայանա", - նշել է Ջարեդ Գենսերը: