Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին` առերես հարցաքննության ժամանակ նոր հանգամանքներ ի հայտ գալու առնչությամբ: Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը` սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում:
Նրա ասելով, այսօր այդ միջնորդության մասին իրեն զեկուցել է գործը հսկող դատախազը: «Հնարավոր է` փոխվել են գործի հանգամանքները, որոնք հիմք էին դարձել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար», - նշել է Կոստանյանը:
Նա ընդսմին չի բացառել, որ խափանման միջոցի փոփոխման պատճառ կարող է դառնալ տուժած կողմի ավելի վաղ տված ցուցմունքի փոփոխությունը: «Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կկայացնի գործի վարույթն իրականացնող դատախազը», - հայտարարել է Կոստանյանը:
Ընդ որում գլխավոր դատախազը հերքել է Խաչատրյանների ընտանիքի հետ իր սերտ կապերի մասին տեղեկությունները: «Ես կանխակալ վերաբերմունք չունեմ Խաչատրյանների ընտանիքի և այդ գրոծի նկատմամբ: Ինձ բնավ չի խանգարում և, նույնիսկ, չի հետաքրքրում այն փաստը, որ Տիգրանը Սյունիքի մարզպետի որդին է», - նշել է նա:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում «Սդղի գյոլի» գործով տուժած Հարություն Զաքարյանի հայրը` Գագիկը, հայտարարել էր, որ իր որդին մտադիր չէ փոխել նախնական ցուցմունքները, որոնց համաձայն, իրեն ծեծի ենթարկելու համար մեղադրում է մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին: «Նրանք ասել են այն, ինչ ասել են, ասել են ճշմարտությունը, նշել մեղավորներին և մտադիր չեն հրաժարվել իրենց խոսքերից: Միթե՟ մենք նման ենք մարդկանց, ովքեր փոխում են իրենց ցուցմունքները: Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ», - հայտարարել էր վրդովված հայրը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսից ոչ հեռու,խոսքերից: Միթե՟ մենք նման են «Սդղի գյոլ» կոչվող վայրում տեղի էր ունեցել ծեծկռտոց` մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների և Զաքարյան եղբայրների մասնակցությամբ, ինչի արդյունքում Հարություն Զաքարյանը զրկվել էր աչքից: Զաքարյաններն իրենց ցուցմունքներում նշել էին, որ ծեծկռտոցին մասնակցել է նաև մարզպետի որդին` Տիգրանը, և, չնայած այն հանգամանքին, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանը կտրականապես հերքում էր որդու մասնակցությունը միջադեպին, վերջինը կալանավորվեց: Գործով կալանավորվել են նաև մարզպետի եղբայրն ու զարմիկը: Նույն գործով անցնող նրա մյուս ազգականի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: