Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 10-ի արտահերթ նիստում հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Այդ մասին ասվում է ԿԸՀ հաղորդագրությունում:
Օրվա ընտրությունը պատահական չէ․ անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհավորել է նիստին ներկա ԿԸՀ աշխատակազմին՝ հանձնաժողովի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Իր ելույթում նա կարևորել է ընտրական համակարգի ստեղծման, կայացման ու զարգացման անցած ճանապարհը, ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ միտված բարեփոխումները։
Նիստին հրավիրվել էին նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) ներկայացուցիչները։ ԿԸՀ զարգացման ռազմավարական պլանը նրանց հետ համագործակցությամբ է մշակվել։ ԿԸՀ նախագահը շնորհակալություն է հայտնել գրասենյակի ներկայացուցիչներին, ընդգծելով, որ առանց գործընկերների աջակցության նախագիծը հնարավոր չէր լինի պատրաստել։
Վահագն Հովակիմյանը նիստում անդրադարձ է կատարել նաև մարտի 30-ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններին, հիշեցնելով, որ թե՛ Գյումրի, թե՛ Փարաքար համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքները չեն վիճարկել դատական կարգով։
«Այո՛, ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ մենք նկատել ենք, և հետևություններ կարվեն, որոշ դեպքերում այդ թերությունները կունենան նաև իրավական հետևանքներ, բայց փաստը այն է, որ բացի մասնագիտական շրջանակներից, որոնք արձանագրել են դրանք, հանրությունը թերություններ չի արձանագրել։ Իսկ դա խոսում է կատարված՝ հիմնականում լավ և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի մասին»,-ասել է ԿԸՀ նախագահը։
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ևս շնորհավորել է հանձնաժողովին՝ զարգացման ռազմավարական պլանի ընդունման առթիվ՝ ընդգծելով, որ սրանով ոչ միայն հանձնաժողովի տեսլականն է հաստատվում, այլև՝ զարգացման ուղղությունները։