Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարաղա գյուղում հայերի ջարդերի հերթական տարելիցի կապակցությամբ:
ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչները ենթարկվել են ամբողջական էթնիկ զտման. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվել է, պատանդառվել է 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է:
Այս վայրագությունները լավ փաստագրված են Human Rights Watch-ի և Amnesty International-ի զեկույցներում:
Մարաղայի կոտորածին հանգեցրած վարքագծին՝ էթնիկ ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների փառաբանումը, հայկական մշակութային կոթողների ավերումը և բռնի տեղահանումը, ավելի վաղ 1988-1990 թվականներին դիտվել են Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր հայերի ջարդերի ժամանակ։
Այսօր, հարգանքի տուրք մատուցելով Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին, մենք հիշեցնում ենք, որ նման ոճրագործությունները կանխելու և հարատև խաղաղության հասնելու համար պահանջվում է հրաժարվել ատելության խոսքից և նպաստել մարդու հիմնարար իրավունքների հարգմանը»: