Արմինֆո. BBC World Service-ի ապրիլի 9-ի ռադիոեթերի ժամանակ կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին մանրամասներ է հաղորդել Հայաստան այցի մասին՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև այդ համատեքստում անդրադարձել է մարդասիրական կարևոր խնդրի՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցին:
Լրագրողը նշել է, որ անցյալ ամիս և Հայաստանը, և Ադրբեջանը հայտարարեցին, թե համաձայնության են հանգել պայմանագրի կետերի շուրջ, սակայն գերիների հարցն այնտեղ բացակայում է: Ներկայում Բաքվում դատական գործընթաց է իրականացվում 16 հայերի նկատմամբ, որոնցից մեկը հայտնի միլիարդատեր բարերար Ռուբեն Վարդանյանն է, ով փետրվարին հացադուլ էր հայտարարել՝ հայտնելով արդար դատաքննության իրավունքի խախտման մասին: Եթերում հնչել է նաև Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի մեկնաբանությունը, ում հետ հանդիպել ու զրուցել է լրագրողը:
«Մեզ հաջողվեց փաստաբան գտնել Ադրբեջանում, ինչը չափազանց դժվար էր՝ տարբեր պատճառներով: Նախ, բոլորին հայտնի է, նաև փաստագրված են նրանց կողմից հայերի նկատմամբ քսենոֆոբիայի դրսևորումները, ու կա նաև՝ Լեռնային Ղարաբաղի հարցի զգայունությունը: Շատ փաստաբաններ հրաժարվում էին վերցնել գործը, հաշվի առնելով, թե ինչպիսի ճնշման տակ կհայտնվեն:
Մենք ունենք նաև իրավաբանների թիմ դրսում: Մեր միջազգային իրավախորհրդատուն՝ Ջարեդ Գենսերը Վաշինգտոնից, ոչ մի անգամ չի կարողացել խոսել կամ ուղիղ հաղորդակցվել հորս՝ իր պաշտպանյալի հետ: Նրան չեն թույլատրել այցելել Բաքու», - ասել է Դավիթ Վարդանյանը:
BBC World Service-ն անդրադարձել է նաև Ադրբեջանում BBC-ի ադրբեջանական ծառայության նկատմամբ ճնշումներին, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը դադարեցնելու պահանջին:
«Լրագրողների նկատմամբ հսկայական ճնշում կա: Տասնյակ անկախ լրագրողներ բանտում են: Խոսքի ազատություն չկա, և անցյալ ամիս մի շարք միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գրասենյակներին և Կարմիր խաչին, որը միակ կազմակերպությունն էր հայ բանտարկյալների մոտ մուտքի իրավունքով, բոլորին ասվել է՝ փակել իրենց գրասենյակները՝ առանց որևէ պաշտոնական պատճառի: Բայց ոչ պաշտոնապես ենթադրվում է, որ Ադրբեջանի իշխանությունները այս կազմակերպություններին դիտարկում են որպես հայամետ դիրքորոշում ունեցողների: Այսպիսով, մարդու իրավունքների և ժողովրդավարության իրավիճակը շատ, շատ ծանր է Ադրբեջանում: Ընկալում կա, որ այս դատավարություններն օգտագործվում են Ադրբեջանի բնակչությանը այլ խնդիրներից շեղելու համար:
Այս բոլոր հայերը՝ Ռուբեն Վարդանյանը և Լեռնային Ղարաբաղի 15 այլ նախկին ղեկավարներ, մեղադրվում են պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանց դեմ առաջադրվում են ամենալուրջ մեղադրանքները: Սա նշանակում է, որ եթե մեղավոր ճանաչվեն, նրանք իրենց կյանքը բանտում կանցկացնեն»,- նշել է Ռեյհան Դեմիտրին: