Արմինֆո. Քասախ գյուղի բնակիչներն ապաշրջափակել են միջպետական նշանակության Երևան-Աշտարակ ճանապարհը, որը փակվել էին՝ ի նշան բողոքի երկրի իրավասու մարմինների՝ թիվ 59 ավտոբուսի երթուղային գիծը կրճատելու որոշման դեմ:
Վաղ առավոտից ճանապարհը փակած գյուղացիները համաձայնել են բացել այն միայն այն բանից հետո, երբ իրավապահները հաղորդել են, որ նրանց հետ հանդիպման է եկել Կոտայքի մարզի պաշտոնյաների պատվիրակությունը՝ մարզպետի եւ Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցչի գլխավորությամբ: Համայնքի բնակիչները նրանց հետ բանակցությունների են գնացել Քասախի համայնքապետարան:
Բողոքի ակցիայի մասնակիցները խոստացել են պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքների մասին պատմել երեկոյան՝ հանդիպումից հետո: "Եթե պատասխանը մեզ չբավարարի, մենք լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք", - հավելել է ցուցարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի էր ունեցել Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների հանդիպումը պետական պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկվել էր տրանսպորտային հաղորդակցության հարցը: Այդ հանդիպումից հետո պռոշյանցիները հաղորդել էին, որ իրենց խնդիրը մասամբ լուծվել է. թիվ 25 ավտոբուսը կպահպանվի, բայց երթուղին կփոխվի. այն կշրջվի Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ և կվերադառնա Երևան: Իսկ քասախցիների հարցը մնացել էր չլուծված, քանի որ իշխանությունները որոշել են երթուղուց հանել թիվ 59 ավտոբուսը։ Երկու համայնքների բնակիչները մեկ շաբաթից ավելի բողոքում են՝ պահանջելով չկրճատել իրենց երթուղային գծերը և չբարձրացնել ուղեվարձը: