Արմինֆո. Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել, փակելով Աշտարակ-Երևան ճանապարհը՝ երկրի պատկան մարմիններից պահանջելով չկրճատել իրենց համայնքը սպասարկող թիվ 59 ավտոբուսի երթուղային գիծը:
Քասախցիները հիշեցրել են, որ թիվ 59 ավտոբուսն իրենց գյուղում գործել է երկու տարի և եղել է տրանսպորտային ենթակառուցվածքի կարևոր տարր: Բացի այդ, նրանց ասելով, նոր երթուղին, որը իշխանությունները մտադիր են գործարկել, ավելի թանկ արժե, ինչը հարվածում է քաղաքացիների գրպանին, չէ որ Քասախում ապրում են սոցիալապես խոցելի խմբեր, որոնք ի վիճակի չեն հաղթահարել այդ լրացուցիչ բեռը:
Նրանք նշել են, որ նախկինում այդ ծառայությունից օգտվելու համար գյուղի բնակիչները վճարում էին այնքան, որքան Երևանի ուղևորները. սկզբում՝ 100 դրամ, իսկ այժմ՝ 150 դրամ։ Սակայն երթուղու սպասարկման իրավունքը "Մուլտի Տրանսպորտ" ընկերությանը փոխանցելուց հետո տեղացիներն այժմ ստիպված են վճարել 200-250 դրամ, ինչը նրանց ոչ մի կերպ չի բավարարում։
Ցուցարարները վրդովված են, որ 200 մետրի պատճառով ստիպված են լինելու վճարել ավելի շատ ուղեվարձ։ Քասախցիները, միաժամանակ, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ տասն օր շարունակ փորձել են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ հանդիպումներ և քննարկումներ անցկացնելով պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ: Սակայն, բավարար պատասխան չստանալով, նրանք ստիպված են դիմել ավելի արմատական միջոցների՝ փակել ճանապարհը։ Ցուցարարներից մեկը նշել է, որ իրենք որոշել են նման կերպ գործել, քանի որ չեն կարողացել օրինական մեթոդներով հասնել իրենց պահանջների կատարմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի է ունեցել Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների հանդիպումը պետական պաշտոնյաների հետ, որտեղ քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության հարցը: Այդ հանդիպումից հետո պռոշյանցիները հաղորդել են, որ իրենց խնդիրը մասամբ է լուծվել. թիվ 25 ավտոբուսը կպահպանվի, բայց երթուղին կփոխվի. այն կշրջվի Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ և կվերադառնա Երևան: Իսկ քասախցիների հարցը մնացել է չլուծված, քանի որ իշխանությունները որոշել են երթուղուց հանել թիվ 59 ավտոբուսը։