Արմինֆո. ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հանդիպել է Կասպյան քաղաքականությունների կենտրոնի Միացյալ Թագավորության գլխավոր խորհրդական, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Մերի Գալստյանը ներկայացրել է բնապահպանական կառավարման եւ մասնավորապես կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգում ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ձեռնարկված գործողությունները: Մասնավորապես, պատգամավորը ներկայացրել է ՀՀ կառավարության ներքո ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի եւ Փարիզյան համաձայնագրի դրույթներից բխող հանձնառությունների կիրարկման ընթացքը, սահմանված ուղենիշներն ու դրանց հասնելու ժամկետները, Ազգային մակարդակով սահմանված գործողությունների՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի եւ Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի աշխատանքների ընթացքը:
Մերի Գալստյանը նշել է, որ «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը մշակման ավարտական եւ շահագրգիռ գերատեսչությունների կողմից կարծիքների հավաքագրման փուլում է: Պատգամավորը ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ խորհրդարանականների համար եւ մասնակցությամբ կազմակերպվող ամենամյա Կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաժողովի եւ վերջինիս հաջորդող գործողությունների մասին:
Մասնակիցները մտքեր են փոխանակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգի առաջմղման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարեւորության, այդ գործընթացում հանդիպող մարտահրավերների եւ դրանց հաղթահարման ուղղությունների շուրջ:
Որպես Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Միացյալ Թագավորության Կառավարության կլիմայի (COP26) եւ Էներգետիկայի գծով նախկին դեսպան՝ Դեյվիդ Մորանը հետաքրքրվել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքով, ներկայացրել 2021 թվականին Գլազգոյում կայացած ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի կազմակերպման իրենց փորձը, նշել, որ նման մասշտաբի միջոցառում կազմակերպելը, իսկապես, մեծ մարտահրավեր է, սակայն չափազանց կարեւոր՝ բովանդակության, ուղերձների, կլիմայի փոփոխության օրակարգի շուրջ աննախադեպ ուշադրություն կենտրոնացնելու, ամուր եւ երկարաժամկետ միջազգային համագործակցություն խթանելու տեսանկյունից: Մերի Գալստյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17 աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, կատարված գործողությունները, առկա կարիքները:
Մասնակիցները քննարկել են փորձի փոխանակման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները հետագա համագործակցության շրջանակում: