Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառասպանդը մայրաքաղաքում: Այս անգամ Երևանի քաղաքապետարանի ղեկավարությամբ Նոր Նորք վարչական շրջանում հատվել է ավելի քան 100 երիտասարդ ծառ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում ահազանգում է բլոգեր Էդուարդ Հայրումյանը։
Ինչպես պատմել է բլոգերը, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջում տեղի է ունեցել մասիվների վերջին 30 տարվա ամենախոշոր էկոլոգիական աղետը։
«ԵՎ այդ աղետը ոչ թե ջրհեղեղի, տորնադոյի կամ փոթորիկի արդյունք էր, այլ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների կողմոց կազմակերպված ծառասպանդ։
Նույնիսկ ես, որ ամեն օր բացահայտում և պայքարում եմ ապօրինի ծառասպանդների դեմ, չէի պատկերացնի նման սպանդ՝ օրը ցերեկով։ Հատված ծառերն էնքան շատ են, որ տեսանյութներս չեմ հասցնում մոնտաժեմ։
Սա այն հատվածն է, որի մասին քաղաքապետարանը հայտարարել է, որ «հիմնում են անտառային գոտի» ։ Իսկ ի՞նչպես է հիմնում անտառ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» հիմնարկը՝ իհարկե հատելով նախկին բոլոր ծառերը։ Սա էլ հո մայթ չի՞, որ ասեք ուզում ենք միանման ծառեր տնկեք։ Չէ՛ դուք ուղղակի ուզում եք ոչնչացնեք ամեն կանաչ։ Հատված ծառերի կոճղերը քողարկվել են սևահողի շերտով՝ մասնագիտորեն թաքցնելով վանդալիզմը», - գրել է բլոգերը, կոչ անելով Երևան քաղաքի բոլոր այն բնակիչներին, ովքեր չեն երազում ապրել անապատում, գրել իրեն, որպեսզի փորձեն միասին կանգնեցնել այս արհավիրքը։
Նշենք, որ 2023 թվականից Երևանի քաղաքապետարանը, այսպես կոչված, ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում, հատկապես, քաղաքի կենտրոնում։ Իշխանություններն այդ նախաձեռնությունը բացատրում են "իրենց կենսունակությունը կորցրած տնկարկները ավելի արժեքավոր տեսակներով թարմացնելու անհրաժեշտությամբ": Սակայն փորձագետները կարծում են, որ, իրականում, քաղաքապետարանը էկոցիդ է իրականացնում։ Այսպես, մարտի 15-ին Էդուարդ Հայրումյանը հաղորդել էր Երեւանի բուսաբանական այգում առողջ կաղնիների զանգվածային հատման մասին։ Նրա խոսքով ՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում մոտ 30 կենսունակ ծառ է հատվել։ Տեսչական մարմնի տվյալներով ՝ նշված ծառահատման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 16.570.000 դրամ: Մինչ այդ Երևանի կենտրոնում Սայաթ - Նովա, Թումանյան, Ալեք Մանուկյան փողոցների առողջ ծառերը կտրելով ՝ քաղաքապետարանի, այսպես կոչված, գիտնականները հետագայում անցել են նաև Հանրապետության հրապարակի ծառերին: Չնայած նման գործողությունների ոչ իրավաչափ լինելու մասին բնապահպանների համառ նախազգուշացումներին՝ իշխանությունները շարունակում են շոգ եղանակին փողոցներում ստվեր ապահովող քաղաքային կնձնիների հատումը՝ դրանք փոխարինելով սակուրաներով, որոնք չեն համապատասխանում Երեւանի կլիմային: