Արմինֆո. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է: Նման հայտարարությամբ է հանդես եկել "Հայրենիք" կուսակցությունը ՝ հայաստանյան լրատվական դաշտում շրջանառվող այն լուրերի ֆոնին, թե "Մեր քաղաքը" դաշինքից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը կարող է գործարքի գնալ կառավարող ուժի հետ, եթե նրան ընտրեն Հայաստանի երկրորդ քաղաքի ղեկավար: «Հայրենիք» կուսակցության հայտարարությունում ասվում է.
«Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։
«Հայրենիք» կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։
Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։
Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։
Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման գերակա շահերից»։
Նշենք, որ "Միացյալ Հայաստան" կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը, ում քաղաքական ուժը մտնում է "Մեր քաղաքը" դաշինքի մեջ, ՀՀՀ եթերում նշել է, որ կառավարող ուժը կարող է ապրիլի 16-ին Գյումրու ավագանու նիստում պաշտպանել Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը և ապահովել նրա ընտրությունը որպես քաղաքապետ:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղի ունեցան Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ՝ առաջատարը "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն է, որը հավաքել է ձայների 35,47 տոկոսը, նրան հաջորդում են Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 18,41 տոկոս, եւ "Մեր քաղաքը" դաշինքը՝ 16,04 տոկոս: Չնայած կառավարող ուժի ներկայացուցիչը հավաքել է ամենաշատ ձայները, սակայն նրա քաղաքական ուժը չի հաղթահարել քաղաքապետի միանձնյա ընտրության համար անհրաժեշտ 50+1 ձայնի շեմը:
Ընտրություններից հետո "Իմ հզոր համայնք" կուսակցությունը և "Մայր Հայաստան" դաշինքը պատրաստակամություն են հայտնել աջակցել Վարդան Ղուկասյանին Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնում: Ավելի ուշ Ղուկասյանին անհրաժեշտ ձայներ տալու պատրաստակամության մասին հայտարարությամբ հանդես է եկել նաև Մարտուն Գրիգորյանը: Այսպիսով, Գյումրին, ամենայն հավանականությամբ, կունենա ընդդիմադիր քաղաքապետ։