Արմինֆո. Աթենքի հայ ավետարանական եկեղեցում տեղի է ունեցել Բեյրութի «Հայկազյան» համալսարանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են համալսարանի մամուլի ծառայությունից, տոնական միջոցառումներին մասնակցել են Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և համալսարանի ռեկտոր Փոլ Հայտոսթյանը: Միջոցառման հյուրերին ներկայացվել է «Հայկազյան» համալսարանի գործունեության և ստեղծման պատմության վերաաբերյալ տեսանյութ:
Նշենք, որ Բեյրութի «Հայկազյան» համալսարանը հիմնադրվել է 1955 թվականին Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից՝ ի հիշատակ Կոնյայի Ժենանյան ինստիտուտի նախկին դասախոս Արմենակ Հայկազյանի: Դա Լիբանանում միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը պետական ճանաչում է ստացել։ Համալսարանի շրջանավարտները ստանում են բակալավրի կամ մասնագետի դիպլոմներ, որոնք ճանաչվում են ինչպես Լիբանանի կառավարության, այնպես էլ Քքոլեջների և համալսարանների միջազգային ասոցիացիայի կողմից: Չնայած այն հանգամանքին, որ համալսարանը Հայ ավետարանական հաստատություն է, այնտեղ ուսանում են շուրջ 20 երկրների ուսանողներ, որոնք ներկայացնում են ավելի քան 6 տարբեր կրոններ: